Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց խաղողի մթերման խնդիրը: Այս մասին NEWS.am-ին ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի սպասեն մինչեւ վաղը, պարզելու, թե Արմավիրի մարզում գտնվող Պռոշյանի կոնյակի-գինու գործարանը քանի տոննա խաղող կարող է մթերել:
«Վաղը Արմավիրում գտնվող Պռոշյանի կոնյակի-գինու գործարանից մեզ կհայտնեն, թե քանի տոննա խաղող կարող են իրացնել եւ քանիսով: Կարծում եմ, որ ինչ-որ կերպ կկարողանանք խնդիրը լուծել: Սպասենք, տեսնենք, թե ինչ պատասխան կտան վաղը»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը:
Գյուղապետը նշեց, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:





























