Հայաստանում դատարանի միջոցով ընտրությունների արդյունքները վիճարկելն առասպել է: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 28-ին ասել է «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Հետընտրական գործընթացներում դատարանի միջոցով ոչինչ հնարավոր չէ փոխել: Եվ թող իշխանությունը մեզ չհամոզի, թե դա հնարավոր է: Ապագա դատաքննությունների համար հողն արդեն ստեղծված է, որովհետեւ իշխանությունը պատրաստվում է թույլ տալ ID քարտերով քվեարկություն: Դրանց վրա ոչ մի նշում հնարավոր չէ անել, նշանակում է կրկնակի քվեարկության սողանցք կա: Դուք ուզում եք թույլ տալ նման կարգը եւ ձեւացնում եք, թե ոչինչ տեղի չի ունենում», - վրդովվել է նա՝ դիմելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին:





























