«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը սահմանադրական փոփոխությունների նախագծին ճարահատյալ կողմ է քվեարկելու:
«Ճարահատյալ կողմ եմ քվեարկելու, քանի որ սա ավելի լավն է, քան գործողը: Թագավորական համակարգը պետք է փոխվի»,- այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ նշեց Սադոյանը:
Նրա խոսքով, ինքը ճարահատյալ է կողմ քվեարկելու, որովետեւ թեեւ նախագծում ընդունելի շատ կետեր կան, բայց իրենք որոշների վերաբերյալ անհամաձայնություն են ունեցել, առաջարկություններ են ներկայացրել, որոնք չեն ընդունվել:
«Մենք առաջարկեցինք պարզ մեխանիզմ, որ երբ մեծամասնություն ունեցող կուսակցությունը կազմում է կառավարություն եւ չի կատարում նախընտրական փուլում տված իր խոստումները, պատասխանատվություն կրի դրա համար: Մենք առաջարկեցինք, որ նախագահը հետեւի՝ արդյոք կատարո՞ւմ է հաղթող կուսակցությունը եւ նրա կառավարությունն իր խոստումները, թե ոչ: Նա պետք է առաջին տարվա վերջին ուղերձով դիմեր ժողովրդին ու կուսակցությանն ասեր՝ եթե չեք կատարում, ստիպված եք լինելու հեռանալ»,- ասաց Արշակ Սադոյանը:
Հանդիպմանը մասնակցող՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ այդ վերահսկողությունը վարչապետն է իրականացնելու նոր սահմանադրությամբ:
Արշակ Սադոյանը նշեց, որ նոր սահմանադրության դեպքում, երբ երկրի գլխավոր գերագույն հրամանատարն այլեւս նախագահը չի լինելու, դա կարող է խնդիրներ առաջացնել երկրի անվտանգության առումով:
«Գերագույն գլխավոր հրամանատարը, ձեռքը խփում ա սեղանին, ասում ա՝ սենց պիտի լինի: Իսկ հիմա դժվարություներ կծագեն հրատապ արագ խնդիրները լուծելիս»,- ասաց նա:
Արշակ Սադոյանին հակադրվեց Սուքիս Ավետիսյան՝ նշելով, որ կառավարման խորհրդարանական ձեւն ընտրելիս իրենք հետեւել են Իսրայելի փորձին եւ անվտագության առումով որեւէ խնդիր չեն տեսնում: Նա գործող սահմանադրությունն ավելի վտանգավոր որակեց այս առումով:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























