ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ կենտրոնական շտաբի կազմում եւ ակտիվ մասնակցում է շտաբի աշխատանքներին:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե իրեն մեկուսացրել են շտաբի աշխատանքներից,  Շարմազանովն ընդգծեց, որ այդ ամենը իրականությանը չեն համապատասխանում:

«Պետք է հիասթափեցնեմ հոդվածը գրողին կամ պատվիրողին, որովհետեւ ընդգրկված եմ շտաբում, սակայն հարգելի պատճառով առաջին նիստին չեմ մասնակցել: Այսօրվա նիստին ես կմասնակցեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Թե կոնկրետ ինչ աշխատանք է կատարելու Էդուարդ Շարմազանովը, դեռեւս հայտնի չէ: Այնուամենայնիվ, Շարմազանովի խոսքով՝ կուսակցության նախագահն ու գործադիր մարմինը հաշվի կառնեն հանգամանքը, որ ինքը Լոռու մարզի բնակիչ է.

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին, Շարմազանովը վստահեցրեց, որ փայլուն հարաբերություններ ունեն:

«Ես իմ բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ, ավելի շատ համերաշխություն, կամուրջներ կառուցող անձնավորություն եմ, թիմային խաղացող եմ, հետեւաբար անհնար է քաղաքական գործընկերներիս հետ ունենամ վատ հարաբերություններ», - ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը հոկտեմբերի 28-ին գրել էր. «Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից»: