Ոստիկանության թեժ գծով դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ցուցակների վերաբերյալ 12 ահազանգ է ստացվել:
- Երեւանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ Վ. Ե.-ն տեղեկացրել է, որ իր սեփականությունը հանդիսացող տան նախկին բնակիչներից երկուսը մինչ օրս հաշվառված են նշված հասցեում: Քաղաքացուն պարզաբանվել է, որ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ՝ առանց սեփականատիրոջ դիմումի, անձին հանելու հաշվառումից: Տեղեկացվել է նաեւ, որ հաշվառված անձը բնակության այլ վայր տեղափոխվելու կապակցությամբ պետք է դիմի նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ հաշվառվելու: Արդյունքում՝ անձը կհանվի հին բնակության վայրի հաշվառումից՝ հաշվառվելով նոր բնակության վայրի հասցեով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հին բնակիչները չեն դիմել վերահաշվառման համար՝ սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն՝ տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու խնդրով:
- «Թեժ գծին» նույն խնդրով են դիմել նաեւ Երեւանի Դրոյի, Բակունցի եւ Լվովյան փողոցներում գտնվող բնակելի տարածությունների սեփականատերը, իսկ մի բնակչուհի էլ տեղեկացրել է, որ իր մորը սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունում հաշվառված է վարձակալության հիմունքներով բնակվող անձը:
Զանգահարողներին տրվել են հաշվառումից հանելու կարգի վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ:
- Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Ա. Խ.-ն տեղեկացրել է, որ ըստ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների՝ նշված հասցեում հաշվառված են մի քանի քաղաքացիներ: Պարզվել է, որ նախկինում հաշվառված անձինք մահվան կապակցությամբ արդեն իսկ հանված են եղել հաշվառումից, ինչի առնչությամբ քաղաքացուն տրվել են համապատասխան պարզաբանումներ:
- Ն. Ե.-ն տեղեկացրել է, որ հաշվառված է Աբովյան քաղաքի Հանրապետության նրբանցքի մի հասցեում, իսկ կինը՝ մեկ այլ: Պարզվել է, որ 2014 թվականին, սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, կինը հաշվառվել է նշված հասցում: Եվ քանի որ ամուսինը նշված հասցում հաշվառվել է 2005 թ. եւ հաշվառման հիմքերն արդեն իսկ ոչնչացվել են, ուստի վերջինիս առաջարկվել է դիմել անձնագրային ծառայություն՝ տեղում անճշտությունը պարզելու եւ համապատասխան փոփոխություն կատարելու համար:
- «Թեժ գծով» ստացված 5 ահազանգեր էլ եղել են տեղեկատվական եւ այլ բնույթի, որոնց կապակցությամբ քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:





























