Հայկական նրբաթիթեղի «Ռուսալ Արմենիա» գործարանը 2015-ի ինը ամիսների ընթացքում 22,2 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ է արտադրել: Դա  2,3%-ով ավելի է, քան 2014-ի առաջին  ամիսների ընթացքում արտադրվածը: Այդ մասին ասվում է  «Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ից NEWS.am-ի ստացած հաղորդագրության մեջ: 

Պարզվել է, որ «Արմենալը» ՌՈՒՍԱԼ խմբի միակ նրբաթիթեղ արտադրող գործարանն է, որը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում աճ է արձանագրել:  

Ընդհանուր առմամբ, ՌՈՒՍԱԼ-ի նրբաթիթեղի արտադրությունը («Արմենալի»-ից բացի, «Սայանալ», «Ուրալալ նրբաթիթեղ» եւ «Սայանյան նրբաթիթեղ») կազմել է  66,7 հազար տոննա: Իսկ ալյումինի արտադրությունը ՌՈՒՍԱԼ ամբողջ հոլդինգում 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է  2 724 հազար տոննա, ինչը 1,4%-ով գերազանցում է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

2015-ի ընթացքում ալյումինի իրացման միջին գինը մնացել է մեկ տոննայի համար ամերիկյան  2087 դոլարի մակարդակում, ինչը 3,1%-ով ցածր է, քան 2014-ի առաջին    9 ամսվա ընթացքում:

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն ստեղծվել  2000-ին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրբաթիթեղի միակ արտադրողն է: «Արմենալը»  ռուսական «Ռուսալ» ԲԲԸ-ի դուստ ձեռնարկությունն  է  (աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկի) եւ ապահովում է Հայաստանից ԱՄՆ արտահանման ավելի քան 80%-ը: