Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը նոյեմբերի 1-ին հանրահավաք կանցկացնի Գյումրիում, 4-ին՝ Վանաձորում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց շտաբի պետի տեղակալ Մխիթար Ավետիսյանը:

«Այսօր եւ երեկ Գյումրիի թե Ժառանգության, թե Հիմնադիր խորհրդարանի գրասենյակները կապի մեջ են: Մենք բոլոր շրջաններում շտաբի կողմից նշանակել ենք պատասխանատուներ՝ աշխատանքները կոորդինացնելու  համար»,- ասաց նա:

Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ օգատգործելու են քարոզչական նյութեր, մարդկանց տեղեկացնելու են, որ տեղի է ունենում այնպիսի գործընթաց, որի ժամանակ կեղծիքներ են լինելու եւ որ նման գործընթացին պետք է անհնազանդությամբ պատասխանել:

Մարզային այլ հանդիպումների գրաֆիկի մասին ճակատը դեռ հստակ որոշում չունի: Գրաֆիկը դեռ համաձայնեցված չի նաեւ մարզային այցելությունների պատրաստվող «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ, բայց կփորձեն հնարավորինս համագործակցել նաեւ այդ առումով:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին այս պահին միացել են «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը»:

Սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: