«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ներգրավված ուժերը տարբեր հարցերում ազատ գործունեության իրավունք ունեն եւ նորմալ է, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը միայնակ նստացույց է անցկացնում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նոր Հայաստանի» կազմում ընդգրկված «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը:
««Ոտքի Հայաստանի» ակցիաների շարքը ամիսների վրա պլանավորված էր: Մենք իրենց այս ակցիան դիտում ենք որպես առանձին միավորի որոշում, հարգում ենք, խոչընդոտ չենք տեսնում: Եթե «Հիմնադիր խորհրդարանն» այդ բնույթի ակցիաների կողմնակից չէ, դա չի նշանակում, թե մենք պետք է ասենք՝ սխալ եք անում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նշենք, որ «Ոտքի Հայաստանը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ակնկալիքով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ նստացույց է սկսել հոկտեմբերի 27-ից:
«Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում Ազգային ժողովից պահանջում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի վեցը իշխանափոխություն են անելու: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:





























