«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքում առնվազն 13 լրագրողի են սպանել։ Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։ Խոսքը Մոսուլ քաղաքում իսլամիստների կատարած սպանությունների մասին է։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ լրագրողներն ու լրատվամիջոցների մյուս աշխատակիցները ԻՊ առաջնային թիրախներն են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՊ գրոհայինների առեւանգած լրատվամիջոցների 48 աշխատակիցներից 10-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում։
Ահաբեկիչներն իրենց վերահսկողությունն էին հաստատել Մոսուլի վրա՝ Հյուսիսային Իրաքի խոշորագույն քաղաքը վերածելով «տեղեկատվական սեւ անցքի», ասված է փաստաթղթում։





























