«Այո»-ի կենտրոնական շտաբի պետի տեղակալներին նշանակելիս կուսակցական պատկանելիությունը հաշվի չի առնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շտաբի պետի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ պատասխանելով հարցին, թե ինչու են շտաբում ընդգրկել անկուսակցական Արմեն Երիցյանին:
«Ի՞նչ կապ ունի՝ հանրապետական է, անկուսակցական, թե այլ կուսակցությունից: Մենք հաշվի ենք առել նախ եւ առաջ փորձառությունը: Բացի դրանից, բոլոր այն քաղաքացիները, որոնք կողմ են Սահմանադրական փոփոխություններին եւ ունեն կազմակերպչական ունակություններ, ընդգրկվել են մեր շտաբի աշխատանքներում, իհարկե իրենց իսկ ցանկությամբ: Մենք Արմեն Երիցյանին առաջարկել ենք եւ հենց նրա ցանկությունն էր դառնալ շտաբի պետի տեղակալ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ Արմեն Երիցյանը նախկին ՕԵԿ-ական է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին կայացած նիստում նշանակվել է շտաբի պետի` Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:




























