Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա դեռեւս միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Վրաերթից տուժած Մհեր Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի վիճակը, ըստ բժշկի, շարունակում է ծանր մնալ:
«Ամուսինների մոտ ոչ մի դրական փոփոխություն չկա, վիճակները դեռ ծանր է»,-ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ են ստացել:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթի դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից:





























