«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի հեղինակ Հայկ Վարդանյանը արտասահման ուղեւորություն կազմակերպելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից խոշոր գումարներ է շորթել եւ անհետացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց լրագրող, կինովավերագրող Վարդ Սիմոնյանը, որից Վարդանյանը 1120 դոլար է շորթել` հանդես գալով որպես «Կենտրոն» ՀԸ աշխատակից։

««Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման հեղինակի դրամաշորթության պատմության մասին հրապարակումներն արդեն տվել են շոշափելի արդյունքներ: Հայտնվեցին մարդիկ, որոնցից Հայկ Վարդանյանը տասնյակ հազարավորների հասնող գումարներ է շորթել: Մի կնոջից 10 000 դոլար է շորթել, իսկ մի կին էլ դրամաշորթության մասին հաղորդում է տվել ոստիկանություն:

Վարդ Սիմոնյանը պատմեց, որ Հայկ Վարդանյանը գրավոր պարտավորվել է կազմակերպել իր եւ ընկերուհու այցելությունը Եվրոպա՝ նրանց ներառելով նկարահանող խմբի անձնակազմում:

«Ինքը խոստացել էր 1120 դոլարի դիմաց «Ֆանտազիա» նավով կազմակերպել մեր ուղեւորությունը Իտալիա-Իսպանիա-Ֆրանսիա, եւ կրել ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը: Ինքը «Կենտրոն» հեռուստատեսության տանիքի տակ է խոստացել դա անել, մենք էլ գիտենք՝ հեռուստաընկերության բաժնետերը ֆինանսապես ապահով անձնավորություն է, եւ նրա ֆանտազիաները մեզ լրիվ իրականություն էր թվացել»,-պատմեց լրագրողը՝ ավելացնելով, որ օրեր առաջ Վարդանյանը եկել է իրենց բակ՝ գումարի դիմաց առաջարկել իր անձնագիրը, սակայն ինքը հրաժարվել է՝ ասելով, որ նման իրավասություն չունի:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ Հայկ Վարդանյանը հեռուստաընկերության աշխատող չէ, նա իր HDA Production-ի պատրաստած «Մեկ ուղեգրի պատմություն» խորագրով հաղորդաշարը վաճառել է «Կենտրոնին», որոնք այժմ եթեր են հեռարձակվում հեռուստաընկերությամբ։

Վարդ Սիմոնյանի կարծիքով`սակայն, հեռուստաընկերությունը պետք է դադարեցնի հաղորդման հեռարձակումը` իր հեղինակությունը չվնասելու համար։

«Այդ մարդու հաղորդումը գնում է եթեր այս պահին, իրենք հեռուստատեսությունը պետք է հրապարակի այն պայմանագիրը, որի հիմունքով եթեր է հեռարձակվում այս դրամաշորթի հաղորդումները, որպեսզի մենք տեսնենք` ինչ պարտավորություն ունեն կողմերը իրար նկատմամբ, էս մարդը գնացել, կոմերցիոն գործարքներ է կնքել, պարզենք` պայմանագրով նման իրավասություն ունի, թե ոչ: Բայց պայմանագիրը չի տրամադրվում, կամ պայմանագիրն իրականում չկա, գործել են գրդոնի սկզբունքով, ոչ էլ հեռուստատեսությունից է պաշտոնական պատասխան գալիս, ձեռքերը լվացել է, իսկ տղան անհետացել է։ Իսկ հեռուստատեսությունը չի մտածում իր վարկի մասին, չէ՞, որ էդ տղան հանդես է եկել իրենց անունից: Այս պահին գոնե դադարեցնի նրա հաղորդումների հեռարձակումը, սառնասրտորեն նրա հաղորդումները եթեր է տալիս: Ի՞նչ է հեռուստատեսությունը չգիտի՞, որ սա առասպելներ հյուսելով ման է գալիս: Մենք շատ լավ գիտենք Ծառուկյանի վանդակների պատմությունը, թող բարի լինի, մի վանդակ էլ սրա համար հատկացնի, եթե իր երկրում օրենքը չի գործում, մարդու մասին հաղորդում են տալիս, իսկ ոստիկանությունը չի հետախուզում»,-ասաց լրագրողը: