Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու ու անցկացնելու նպատակով ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ: Ընդդիմադիր ճակատը մտահոգություն ունի, որ այս շտաբը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը ճնշելու նպատակով է: Այս մտահոգությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ շտաբի կազմում ընդգրկված է աղմկահարույց պատմությունների հերոս, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Թե շտաբը «Ոչ»-ի ճակատի նկատմամբ ինչ գործառույթներ է ստանձնել, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է ոստիկանապետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի ղեկավար Հունան Պողոսյանը:
Պարոն Պողոսյան, ի՞նչ գործառույթներ ունի ոստիկանությունում հանրաքվեից առաջ ձեւավորված օպերատիվ շտաբը: Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ճակատում անհանգստություն կա, որ այն ստեղծվել է նրանց վախեցնելու, պայքարը ճնշելու նպատակով:
Բոլոր ընտրությունների ժամանակ` սկսած Տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ համապետական ընտրություններ, ոստիկանությունը օրենքով սահմանված հստակ գործառույթներ ունի: Թվարկեմ կարեւորները: Ընտրացուցակների ճշգրտումը, հրապարակումը, ընտրատեղամասերում ու հարակից տարածքներում հասարակական կարգի պահպանություն, ընտրական հանձնաժողովների, վստահված անձանց, դիտորդների, ընտրողների անվտանգության ապահովում, քարոզչական շրջանում հանրահավաքների, երթերի, անվտանգության ապահովում եւ այլն: Միակ գերատեսչությունն ենք, որ մեր բոլոր ստորաբաժանումները, ծառայությունները այս ծավալով մասնակցում են ընտրական գործընթացին: Ստեղծված օպերատիվ շտաբը համակարգելու է այս աշխատանքները: 90-ական թվականներից սկսած` բոլոր ընտրությունների ժամանակ կազմավորվել ու գործել են այսպիսի շտաբներ:
Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ընդդիմադիրներին վախեցնելու, ճնշելու չակերտավոր մտահոգությունները, դրանք ուղղակի հերթական անգամ արհեստական լարվածություն ստեղծելու փորձեր են:
Ընդդիմադիրների հավաքների, երթերի նկատմամբ վերահսկողության գործառույթ ունի՞ շտաբը:
Բացարձակ, որեւէ մեկի նկատմամբ` լինի դիմադիր, թե ընդդիմադիր, վերահսկողություն չենք իրականացնում: Ես նշեցի` երբ բոլորը սկսեն քարոզարշավը, մեր գերխնդիրն է, ով ուզում է անցկացնի՝ «Այո»-ի, «Ոչ»-ի, կամ չեզոք կողմ, իրականացնենք հասարակական կարգի պահպանություն:
Շտաբի վերաբերյալ մտահոգությունները պայմանավորված են նաեւ ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի գործոնով, ով ընդգրկված է շտաբի կազմում: Իսկ նա հայտնի է ընդդիմադիրներին ճնշելու աղմկահարույց դեպքերից: Ինչո՞ւ է ընդգրկվել Երանոսյանը, ով ցույցերի ժամանակ գործել է օրենքը շրջանցելով:
Այս հարցերին բազմիցս անդրադարձել ենք։ Թե ոստիկանության պետը, թե ես, թե լրատվական վարչության պետը, բայց մեկ անգամ եւս նշեմ, որ բոլոր ստորաբաժանումների եւ ծառայությունների պատասխանատուները` այդ թվում ոստիկանապետի տեղակալները, ընդգրկված են օպերատիվ շտաբում, նաեւ` պարոն Երանոսյանը` որպես ոստիկանապետի տեղակալ ու ոստիկանության ներքին զորքերի հրամանատար: Կարծում եմ` այսքանով ամեն ինչ ասված է: Իսկ այն, որ պարոն Երանոսյանը հայտնի է աղմկահարույց դեպքից, պարզապես նախկին դեպքի շահարկումներն են, որոնք շարունակ կրկնելով` ուզում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Մեկ դեպք է եղել, որի շուրջ կատարվել է ծառայողական քննություն: Աննախադեպ բան է եղել` ոստիկանության պետի հրամանով պարոն Երանոսյանը կարգապահական տույժի է ենթարկվել: Բոլոր փաստերով ծառայողական քննություններ են իրականացվել:
Այդ տույժը բավարար հիմք չէ՞ր, որ նա չընդգրվեր շտաբի կազմում:
Ծառայողական գործունեության ընթացքում բոլոր պաշտոնյաները կարող են ե՛ւ խրախուսվել, ե՛ւ տույժեր ստանալ: ինչ-որ մեկ տույժը հիմնավոր պատճառ չէ մարդուն չընդգրկելու համար, այն էլ` նրա նման բազմափորձ մարդու` որպես ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանման ղեկավար: Նա նշանակվել է շտաբում նույն տրամաբանության շրջանակում, ինչպես բոլորը:
Իսկ երաշխիքներ կա՞ն, որ այս անգամ Երանոսյանը չի կրկնի նույնը, հետեւություն արե՞լ է տույժից:
Բոլորն էլ հետեւություն արել են…
Շտաբը որեւէ գործառույթ ստանձնե՞լ է ընդդիմադիրներին ահաբեկելու, վախեցնելու, շարժումը ճնշելու հետ կապված, ինչի վերաբերյալ ՀԿ-ների, ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչները մտահոգություն ունեն:
Կներեք, կարծում եմ` հարցը կոռեկտ չէ: Այդ չակերտավոր մտահոգություններից տեղյակ եմ եւ, անկեղծ ասած, չեմ դադարում իրենց վրա զարմանալ: Անձինք կան, որ մնացել են 90-ականների մեջ, նրանց թվում է` մենք էլ ենք 90-ականների մեջ, փչացած ձայնապնակի նման շարունակ նույն երգն են կրկնում, անհեթեթ մտքեր հայտնում` մոռանալով, որ այն հասարակությունը, որի անունից հանդես են գալիս, փոխվել է, ոստիկանությունն է փոխվել… Բազմիցս ասել ու կրկնում եմ` ոստիկանությունը ապաքաղաքական ու վերկուսակցական կառույց է: Մենք գործում ենք բացառապես օրենքի շրջանակում եւ հանուն օրենքի, որեւէ մեկին ահաբեկելու ու ճնշելու խնդիր ու ցանկություն չունենք: Մեր առջեւ հասարակական կարգի եւ քաղաքացիների անվտանգության ապահովության խնդիրն է դրված, որն իրականացրել ու իրականացնելու ենք: Կա հստակ խնդիր` կատարել օրենքի պահանջը, ի դեպ, նաեւ այդ պահանջը հանրության կողմից կատարելու խնդիր:
Դուք շեշտում եք օրենքը կատարելու պահանջը, սակայն ընդդիմադիր ճակատը բարձրաձայնում է մտավախությունների մասին` հիմնվելով վերջին` Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին դեպքի վրա, երբ բռնի ուժով ոստիկանությունը ցրեց խաղաղ հանրահավաքը: Սա՞ էլ էր օրենքի շրջանակում:
Ինչ բռնության մասին է խոսքը: Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում: Իսկ եթե եղել են իրենց լիազորությունները սահմանազանցած ծառայողներ, ապա քննություն սկսվեց, որը մի մասի վերաբերյալ շարունակվում է մինչեւ հիմա, մյուսները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքները մեկնարկում են հոկտեմբերի 30-ից, թերեւս կլինեն նաեւ բողոքը հայտնելու շուրջօրյա ցույցեր, երթեր, ոստիկանությունը ինչպե՞ս է տրամադված: Ի՞նչ է սպասվում ցուցարարներին այդ կարեւոր ընտրության դեմ պայքարի գործում, հնարավո՞ր է կրկնվի հունիսյան ձեռագիրը:
Բազմիցս ասել ենք, որ ոստիկանությունը այն գերատեսչությունն է, որին օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու լիազորություն է վերապահված: Բռնությունը ուժի գործադրման հետ խառնողները, շատ լավ էլ հասկանում են` ինչի մասին են խոսում: Այս պահին ի պաշտոնե հայտարարում եմ` ոստիկանությունը կոչված է իր լիազորությունների սահմանում ապահովել ցանկացած հանրահավաքի, նստացույցի, երթի անցկացումը եւ նաեւ մասնակիցների անվտանգությունը, եթե այդ միջոցառումները օրինական են: Նույն խստությամբ, նույն պատրստակամությամբ ոստիկանությունը կոչված է բացահայտելու ու կանխարգելելու օրինականության ցանկացած խախտում` դարձյալ կիրառելով մեր ողջ ուժերն ու հնարավորությունները: Օպերատիվ շտաբը ոչ մեկի դեմ պայքարելու ֆունկցիա չունի, ընդամենը մի գերխնդիր ունի` համապետական միջոցառումները անցկացնել օրենքի շրջանակներում: Այդ ընթացքում` որպես համակարգող շտաբ, համագործակցել բոլոր շահագրիգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպություների հետ: Այդպես եղել է նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























