Կառավարությունը հայտարարում է, թե իր ծրագրերի կենտրոնում մարդն ա, բայց վերջին օրինագիծը ստիպում է կասկածել այդ հայտարարությանը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ակցիզային հարկի բարձրացման օրինագծի քննարկման ընթացքում։
Մի քանի ամիս անց կառավարությունը հայտարարում է, թե բարձրացումը բխում է ԱՄՀ պահանջներից, թեեւ նախկինում այդ մասին չի խոսվել։ Եթե այդպես է, մնումէ հարցնել ԱՄՀ-ից՝ ինչպես կարելի է իրացնել այդ պահանջը Հայաստանի ներկա ցուցանիշների պայմաններում, նշել է Մինասյանը։
ԱՎԾ տվյալներով, մանրածախ առեւտրի անկումը տարվա սկզբից կազմում է 5,6 տոկոս։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե օրինագիծն ուժի մեջ մտնի։ Ձեր օրենքները մարդկանց համա՞ր են։ Թույլ տվեք կասկածել»,- նշել է նա։
Նշենք, որ եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 500 դրամ 1 լիտրի համար, ապա առաջարկվում է բարձրացնել 55 տոկոս, բայց ոչ պակաս քան 550 դրամ 1 լիտրի համար։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5,5 հազար դրամ հազար տուփի համար, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում 8330 դրամ՝ հազար խմ-ի համար։





























