Հայաստանի կառավարությունը չպետք է կործանի տեխնոլոգիաները, որոնցով Հայաստանն ապրել է 1990-ականներին: Այս մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանում ծխախոտի, օղու, բենզինի եւ դիզվառելիքի ակցիզի բարձրացման, ինչպես նաեւ հեղուկ գազի ակզիցի ներդրման մասին օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, եթե վերջին 25 տարիներին Հայաստանում եղել են տեխնոլոգիական նորամուծություններ, ապա միայն երկուսը: Առաջինը՝ ԱԷԿ-ի վերագործարկումը, եւ երկրորդը՝ գազը որպես ավտովառելիք օգտագործելը:
«1990-ականներին դա մեզ օգնեց ապրել: Դա, կարելի է ասել, հայկական նորամուծություն է, եւ մեր շատ գործարարներ այն տարածում են Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Դա մեզ օգնեց ՀՆԱ-ում նվազեցնել էներգետիկայի մասնաբաժինը, եւ չի կարելի փորձել մշտապես բարձրացնել այն»,- հայտարարեց Բագրատյանը:
Նշենք, որ եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30%, բայց ոչ պակաս, քան 500 դրամ՝ 1 լիտրի դիմաց, ապա առաջարկվում է բարձրացնել 55%, բայց ոչ պակաս, քան 550 դրամ՝ 1 լիտրի դիմաց։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5.5 հազար դրամ՝ 1.000 տուփի դիմաց, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց, դիզվառելիքինը՝ 32.5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում. 8330 դրամ՝ հազար խ.մ.-ի դիմաց։




























