ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է Հայաստանում ԼԳՏԲ հանրույթի նկատմամբ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: Այս մասին, հոկտեմբերի 29-ին, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության գրասենյակում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Խումբը դեսպանին ներկայացրել է տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին, որը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին:
Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական եւ ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում՝ իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ: Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:
ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները եւ կպաշտպանեն խմբի անդամների եւ ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամների եւ Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները:
«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, եւ ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում եւ հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության եւ արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », - ասաց դեսպան Միլզը:





























