Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Ուկրաինայի համապատասխան գերատեսչությանը՝ խնդրելով իրավական օգնություն ցուցաբերել «երկրում բռնի իշխանափոխության կամ պետական իշխանությունը գրավելու մասին խոսակցությունների» գործով։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետական անվտանգության ծառայության ղեկավար Լեւան Իզորիան։
Նա նշել է, որ խոսքը հոկտեմբերի 29-ին արտասահմանյան մամուլում հայտնված՝ Միխայիլ Սահակաշվիլիի հեռախոսազրույցների ձայնագրությունների մասին է։ Սահակաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Գիգոյ Բոքերիայի եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Գվարամիայի հետ զրույցում խորհուրդներ է տալիս, թե ինչպես պաշտպանել հեռուստաընկերությունը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի խոսքով՝ հետաքննության ընթացքում պետք է պարզվեն մամուլում հրապարակված նյութերի իսկությունը եւ ծագումը։
Գիգա Բոքերիային արդեն հրավիրել են Վրաստանի հակահետախուզական վարչություն՝ հարցաքննության, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։





























