Ազատամարտիկ, 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի կինը դեմ է եղել, որ նա հացադուլ սկսի: NEWS.am-ի հետ զրույցում Մարգարիտա Բաղրամյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի ու հացադուլը կարող է վատ անդրադառնալ նրա վրա:

«Ինքը բուժում էր ստացել սրտի համար: Հիմա էլ ասեցի՝ մի արա հացադուլ, առողջությանդ վնաս է, ասեց՝ չէ»,- ասաց տիկին Մարգարիտան:

Ազատամարտիկի կինը նշեց, որ իրենց համար սպասելի էր, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը մերժելու է Վոլոդյա Ավետիսյանի դիմումը:

«Ես հույս չունեի, թե դիմումը կբավարարվեր: Առջեւում սահմանադրական փոփոխություններ են, կվախենան ազատ արձակել իրեն, որ ազատամարտիկներին նորից ոտքի չհանի եւ խանգարի հանրաքվեն: Թե չէ առանց պատճառաբանության ինչո՞ւ պետք է մերժեին  դիմումը»,- ասաց Մարգարիտա Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, որոշել էր մերժել Վոլոդյա Ավետիսյանի դիմումը: Այդ պատճառով Վոլոդյա Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել:

Նույն հանձնաժողովը ամիսներ առաջ նույնպես մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: