ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել է Եվրամիության Խորհրդի հոկտեմբերի 29-ի որոշումը, որով Բելառուսի 3 իրավաբանական եւ 170 ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները 4 ամսով (մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը) չեղարկվում են։ Այդ անձանց թվում է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ժամանակավորապես թույլատրվում է մուտք գործել ԵՄ եւ օգտվել եվրոպական բանկերում իր հաշիվներից։

Պատժամիջոցների չեղարկման որոշումը կայացվել է օգոստոսի 22-ին բոլոր բելառուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Բելառուսի քաղաքական եւ իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ժամկետը լրանում էր հոկտեմբերի 31-ին։ ԵՄ խորհուրդը դրանց ժամկետը երկարաձգել էր մինչեւ 2016թ. փետրվարի 29-ը եւ միաժամանակ կասեցրել էր 170 ֆիզիկական եւ 3 իրավաբանական անձանց դեմ գործող պատժամիջոցները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։