ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի Նյու Յորքի գլխադասային գրասենյակը, ինչպես նաեւ Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ պետությունների տարածաշրջանային գրասենյակը Հայաստանը ներառել են այն վեց երկրների շարքում, որոնց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված եւ իրականացվելիք բարեփոխումները կարող են հանդիսանալ որպես խոստումնալից եւ ուսուցանելի այլ երկրների համար:
Սոցապնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն այս տարվա նոյեմբերին Հայաստան են ժամանելու փորձագետներ, որոնք հանդիպումներ են ունենալու ՀՀ աշխատանքի եւ աոցիալական հարցերի նախարարության պատասխանատուների եւ այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի արդյունքում կազմվելու է համապարփակ վերլուծություն եւ տարածվելու է ինչպես ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի այլ գրասենյակների, այնպես էլ այլ միջազգային կառույցների շրջանակում:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման առաջին պիլոտային քայլերը նախաձեռնվել են 2010-2011 թվականներին: Բարեփոխման առաջին օրերից այն կարեւորվել եւ օժանդակություն է ստացել ինչպես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային Բանկի կողմից, որոնց հետագայում միացել է նաեւ ԱՄՆ Զարգացման գործակալությունը: Այդ կարճ ժամանակից ի վեր ՀՀ տարածքում արդեն իսկ գործում է 19 համալիր սոցիալական կենտրոն, որոնց աշխատանքը կազմակերպված է միասնական մեկ պատուհանի սկզբունքով, լրամաշակվել է օրենսդրական եւ ենթաօրենսդրական բազան, կատարվել են բազմաթիվ վերապատրաստումներ, ներդրվել է սոցիալական դեպք վարողի ինստիտուտը:
Բարեփոխումները դեռ ավարտված չեն, սակայն Հայաստանյան փորձը եզակի է, տեղեկատվական, դիմումների միասնական ընդունման, անհատական սոցիալական ծրագրերի մշակման, համայնքային սոցիալական ծրագրերի կազմման, սոցիալական այլ ոլորտների հետ ինստիտուցիոնալ համագործակցության խորացման տեսանկյունից:
Սոցիալական պաշտպանության ոլորտում նման լուրջ բարեփոխումները եզակի են եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրների համար, որոնց շարքին է դասվում նաեւ Հայաստանը: Այս համատեքստում էլ հայաստանյան փորձը մեծ հետաքրքրություն է առաջացրել այլ երկրների համար:




























