Վրաստանի արդարադատության նախարարությունը սկսում է նախկին նախագահ հիմա արդեն Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլիի՝ Վրաստանի քաղաքացիության կասեցման գործընթացը։ Այս մասին  հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն է տվել։ Վրաստանի օրենքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձը, ստանալով այլ պետության քաղաքացիություն, ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Սակայն այդ օրենքն ուժի մեջ մտնելու համար իրավաբանական եւ տեխնիկական ընթացակարգեր են անհրաժեշտ, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։