Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կնոջը հաջորդ շաբաթ կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Առջեւում դեռ շատ անելիքներ ունենք, նախապատրաստվում ենք վիրահատության, քանի որ կոտրվածքներ ունի»,- ասաց Կարեն Սահակյանը:
Նշենք, որ Գայանե Մկրտումյանի վիճակում դրական դինամիկա կա, վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ Մհեր Մկրտումյանը հոկտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ:
Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից:




























