Երեւանում հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից 2-ը, որոնք բուժում էին ստանում «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր հիվանդանոցում, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

Նույն հիվանդանոցում բուժվող մյուս երիտասարդը դուրս կգրվի հաջորդ շաբաթ, նրա վիճակը լավ է:

Տղաներից չորրորդը, որը բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, լավ է, գտնվում է հետվիրահատական շրջանում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում կրակոցներ էին հնչել, 4 անձ՝ Վ.Գեւորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը եւ Վլ.Գեւորգյանը տեղափոխվել էին հիվանդանոց:

Պարզվել էր, որ մի քանի անձ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմանում, սպանելու դիտավորությամբ մուտք են գործել Երեւան քաղաքի Մ.Խորենացու փողոցի վրա գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակներից մեկը եւ իրենց մոտ ապօրինի պահվող զենքերից կրակոցներ արձակել՝ հրազենային վնասվածքներ պատճառելով այդ պահին գրասենյակում գտնվող Վահագն Գեւորգյանին, Արման Սրապիոնյանին, Վլադիմիր Գեւորգյանին եւ Արման  Ավագյանին:

Կրակոցների հետեւանքով՝ Վահագն Գեւորգյանին պատճառվել է որովայնի միջանցիկ վնասվածք՝ լյարդի պատռվածքով, Արման Սրապիոնյանին՝ ձախ ոտնաթաթի, Վլադիմիր Գեւորգյանին՝ աջ ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների եւ Արման Ավագյանին՝ աջ ազդրի նստաներվի վնասման ձեւով:

Կրակոցներ արձակած անձինք դիմել են փախուստի: 

Քննությամբ պարզվել է բուքմեյքերական գրասենյակ մուտք գործած անձանցից 2-ի ինքնությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտարարվել է հետախուզում։