Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերությունների ամրապնդմամբ։ Այդ մասին ասվել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի՝ Թբիլիսիում կայացած հանդիպմանը: (ֆոտոռեպորտաժ)

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել ընթացիկ տարվա փետրվարին Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան եւ երկուստեք կարեւորել վերջին տարիներին պարբերական բնույթ ստացած բարձրաստիճան հանդիպումները, որոնք ՀՀ նախագահի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, նոր շունչ են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով քննարկել հայ-վրացական համակողմանի օրակարգի արդիական հարցերը:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել եւ կարեւորել է ՀՀ նախագահի այցը, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում մեծապես հարգում եւ ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի նախագահի, այլ նաեւ որպես Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման մեծ ջատագովի: Դավիթ Ուսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը եւս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է խորհրդարանականների դերը պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում, նշելով, որ միջպետական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների առկայությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ-վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերությունների ամրապնդմամբ: Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ, փոխգործակցության զարգացումը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար:

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետեւում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին եւ տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաեւ Վրաստանի փորձը:

Զրուցակիցները կարեւորել են երկու պետությունների կողմից` միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց եւ նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության եւ կայունության պահպանման գործում: