Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերահսկում է երկրի քաղաքական իրավիճակը, ինչը թույլ կտա առաջիկա խորհրդարանական ընտրությունններում պահպանել իշխող կուսակցության դիրքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի խոսքով, Ալիեւին հաջողվեց կործանել ադրբեջանական ընդդիմությանը. ընդդիմության զգալի մասը հեռացել է երկրից, մյուս մասն էլ բանտերում է: «Այս փուլում Ադրբեջանի իշխանությունները լուծել են խնդիրը՝ մեկուսացնելով քաղաքացիական ակտիվիստներին: Ստացվում է, որ իշխող կուսակցությունն ու Ալիեւը երկրում այլընտրանք չունեն»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցածի շուրջ միջազգային հանրության դժգոհությանը. Ստեփան Գրիգորյանի խոսքով, այդ դժգոհության հետեւանքը երկրից դիվանագետների հոսքը դարձավ: Որոշ բարձրաստիճան դիվանագետներ պարզապես չեն վերադառնում Ադրբեջան այն երկրներից, որտեղ դիվանագիտական ծառայություն են կատարում: «Որքան շատ է պաշտոնական Բաքուն անտեսում միջազգային հանրության գնահատականները, այնքան մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կմեկուսացվի քաղաքական առումով: Դա կհանգեցնի երկրի վարկանիշի վատթարացմանը»,- հավելեց քաղաքագետը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ երկրում չափավոր ընդդիմություն կա, որն ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Սակայն իրավիճակը կարող է փոխվել, երբ Ադրբեջան վերադառնան Մերձավոր Արեւելքում ահաբեկչական կազմակերպությունների շարքերում պայքարող ծայրահեղականները եւ լրացնեն երկրի ընդդիմության վակուումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:





























