Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ վրաերթի ենթարկվելուց չորս օր անց հիվանդանոցում մահացած` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար, 38–ամյա Մհեր Մկրտումյանի հոգեհանգստի արարողությունը։

Մհեր Մկրտումյանի հոգեհանգստին ներկա էին ՀՀ Գյուղնախարար Սերգո Կարպետյանը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նախարարության այլ աշխատակիցներ, ընկերներ, հարազատներ։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական կոմիտեի Վրեժ Գալոյանը նշեց, որ Մհեր Մկրտումյանը գովելի մարդկային հատկաշիններից զատ, իր գործի գիտակ էր։

«Հրաշալի անձնավորություն էր, իր գործում իսկական պրոֆեսիոնալ, նվիրված հայր եւ ամուսին էր»,- ասաց Վրեժ Գալոյանը՝ հավելելով, որ Մկրտումյանի բոլոր նպատակները կապված էին իր երեք անչափահաս երեխաների հետ։

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդականի խոսքով՝ վրաերթի ենթարկելու գործով զբաղվում են քննիչները, եւ եթե պարզվի, որ վարորդն է մեղավոր, նա պետք է պատասխանատվություն կրի։

«Դեպքի վայրում տեսախցիկներ են եղել, դրանք հաստատ ֆիքսած կլինեն պատահարը։ Նյութերը կուսումնասիրվի պարզ կլինի՝ վարորդը մեղավոր է, թե ոչ։ Ես հիմա չեմ կարող միանշանակ ասել, որ մեղավոր է, բայց կասեմ, որ բոլորն էլ օրենքի առաջ պատասխան են տալիս»,-ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդականը։

Մհեր Մկրտումյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին։

Նշենք, որ վրաերթից տուժել էր նաեւ Մհեր Մկրտումյանի կինը՝ Գայանե Մկրտումյանը, որն այժմ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է, նրա վիճակում դրական տեղաշարժ է նկատվում, շուտով կենթարկվի վիրահատության։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մկրտումյաններին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը  եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:

Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից: