Ավստրալիայի կառավարությունը դիտարկում է Պապուա Նոր Գվինեայի ու Նաուրուի ճամբարներում ապաստանած 1500 ապօրինի միգրանտներին Ղրղզստանում վերաբնակեցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Australian թերթը:

«Այս պահին կառավարությունը դիտարկում է փախստականներին Ղրղզստանում ու նախկին Խորհրդային մի շարք այլ երկրներում, ինչպես նաեւ Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի երկրներում վերաբնակեցնելու հնարավորությունը, սակայն որեւէ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել,- հայտնում է Australian-ը,- Ներգաղթի ու սահմանների անվտանգության նախարար Փիթեր Դաթոնը հրաժարվել է մեկնաբանել Ղրղզստանի «թեկնածությունը», բայց հաստատել է, որ Ավստալիայի պաշտոնատար դեմքերը մի քանի երկրների հետ քննարկումներ են սկսել փախստականներին վերաբնակեցնելու մասին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ավստրալիայի միգրացիայի հարցերով նախարար Փիթեր Դաթոնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս հրապարակումը, խորհուրդ տալով վերհիշել քաղաքական գործչի նախկին հայտարարությունները, որտեղ նա խոսում էր «Ֆիլիպինների ու այլ երկրների հետ այս հարցի քննարկման» մասին:

Ըստ Ավստրալիայի օրենքի՝ նավակներով երկրի ափ հասած փախստականներին Ավստրալիայի իշխանությունները պետք է ապաստան տրամադրեն ու նրանց հետ ուղարկեն այն երկիր, որտեղից նրանք ժամանել են կամ էլ՝ Նաուրու թզուկ պետության տարածք եւ Մանուս կղզի, որը Պապուա Նոր Գվինեայի տարածքի մի մասն է: Այս պահին կղզիներում արդեն ավելի քան 1500 փախստական կա: