Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով միջնորդությունների փուլն է սկսվում:

NEWS.am-ին Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք նիստում կողմերը միջնորդություններ են ներկայացնելու:

«Ես մի քանի միջնորդություն ունեմ, որոնք վերաբերում են վկաների կրկնակի հարցաքննություններին: Նոյեմբերի 5-ին այդ միջնորդություններն եմ ներկայացնելու: Դրանց քննարկումից հետո ամենայն հավանականությամբ դատաքննությունը կավարտվի եւ կսկսվի ճառերի փուլը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչատուր Խաչատրյանը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ Լոլռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նա կալանավորված է: