Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը ««Շիրակ հայրենակցական միավորման» 5-րդ համագումարին ուղղված իր ուղերձում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան:

Նշենք, որ օրերս Գյումրիի դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համագումարը, որին մասնակցում էին տեղական իշխանությունները, պետական բարձրաստիճան այրեր, Շիրակի մարզի մտավորականներ, ինչպես նաեւ արմատներով շիրակցի անվանի ակադեմիկոսներ, գիտնականներ, զինվորականներ, մշակույթի եւ հասարակական գործիչներ եւ այլք:

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հնչեցրել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ հռչակակավոր գիտնական, ծագումով գյումրեցի, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ուղերձը համագումարին: Ուղերձում մեծանուն գիտնականը հատուկ առաջարկով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ես իմ ողջ էությամբ, մանկական ու պատանեկան հուշերով, երիտասարդական ավյունով, իմ գիտակցական կյանքում հավաքած բեռով ու հասունացած խոհերով ձեզ հետ եմ: Ձեր կողքին եմ ու կիսում եմ ձեզանից յուրաքանչյուրի` 88-ի աղետից կրած անասելի ցավը, արդեն քառորդ դար տեւող դժվարությունները:

Անցած տարիների ընթացքում իմ ընկերներն ու համախոհները ձեզ հետ միասին զգացել ու կրել են այդ ամենը…

Հայրենակցական այդ զգացողությունները մղեցին մեզ, որ 2000 թվականի նոյեմբերին միաբանվենք ձեզ զորակցելու եւ օգնելու գաղափարի շուրջ եւ կազմակերպենք Շիրակ հայրենակցական միությունը:

15 տարի հետո, վերջապես, ճիշտ եք արել, որ հավաքվել եք Գյումրի քաղաքում` հանրագումարի բերելու արածը եւ, որ ամենակարեւորն է, միասնաբար որոշելու գալիք անելիքը: Գյումրին եղել է մեր ժողովրդի փայլուն ավանդների պահպանման, գիտակրթական, արհեստի ու արվեստի, սպորտի դոնորն ու կենսատու ավիշը:

Այդպիսին նորից կուզեինք դառնար մեր քաղաքը, քանզի այդ ամենի արմատներն այնքան խորն են ու առողջ, որ չեն կարող չծլարձակել ու նոր պտուղներ տալ:

Այսօր էլ Շիրակի զավակները իրենց նոր նվաճումներով փառաբանում են մեր հայրենիքը ու Գյումրի քաղաքը:

Դուք մեր ժողովրդի հպարտ ու տոկուն մասնիկն եք: Պատվիրում եմ պահել ու պահպանել դարերով ժառանգված այդ մասունքները` մեր լեզուն` իր անուշ Գյումրվա բարբառով, անկեղծ հումորը, մեր քաղաքին հատուկ կոլորիտը:

Ձեր անունից կրկին դիմում եմ Հայաստանի իշխանություններին առավել ուշադիր գտնվել Շիրակ աշխարհի ու Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական առողջացման ծրագրերի իրականացման մեջ: Այս համատեքստում հորդորում եմ Հանրապետության մեծարգո Նախագահին իրագործել ժամանակին իմ բարձրացրած ու իշխանությունների կողմից հավանության արժանացած առաջարկը. Գյումրիում կազմակերպել բարձր տեխնոլոգիաների համալսարան»: