«Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի այս տարվա սոցիալական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն հանրապետությունում հարցված 1105 քաղաքացիների 58.9 տոկոսը կարծում է, որ հնարավորության դեպքում կնախընտրեին միավորվել Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Հարցվածներից 28.1 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ոչ մի պետության հետ պետք է չմիավորվի։

Եվրամիության հետ միավորվելուն իրենց հավանությունն են տվել հարցվածների 8. 2 տոկոսը, 1.3 տոկոսը՝ Վրաստանի, 1 տոկոսը՝ Բելառուսի, 0.3-ից 0.1 տոկոսը կողմ են արտահայտվել Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, իսկ 1.3 տոկոսը` այլ երկրների հետ միավորմանը։

Հարցվածներից 5.2 տոկոսը դժվարացել են պատասխանել այլ երկրների հետ միավորման վերաբերյալ հարցին։

Նշենք, որ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։