20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը սկսել է քիչ-քիչ ուտել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը:

«Լավ չի զգում իրեն, բայց ուրախանում ենք, որ արդեն մի քանի օր է, մի քիչ ուտում է: Առողջական վիճակում էական ոչ մի փոփոխություն չկա»,-ասաց Զինա Քոչարյանը:

Սողոմոն Քոչարյանը ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել: 

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: