Ուկրաինայի Ռադայի պատգամավոր, «ՈՒԿՐՈՊ» կուսակցությունից ուկրաինական Դնեպրոպետրովսկի քաղաքապետի թեկնածու Բորիս Ֆիլատովը տեղեկացրել է, որ ձերբակալվել է Կիեւի քաղաքապետի նախկին թեկնածու, ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու զինակից Գենադի Կորբանը:
«Կուսակցության անդամների տներում զանգվածային խուզարկություններ են անցկացվում: Նրանց գրասենյակներում, գործընկերների մոտ: ՈՒԱԾ-ն ձերբակալել է Կորբանին եւ տարել անհայտ ուղղությամբ», - տեղեկացրել է Ֆիլատովը:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայան հաստատել է այդ տեղեկությունը: Գիտլյանսկայայի խոսքով, Կորբանին կասկածում են հանցավոր խմբավորման գործունեությունը կազմակերպելու մեջ:
Դնեպրոպետրովսկում հանցավոր խմբավորումը Հակաահաբեկչական ծառայության մարտիկների բարեգործական հիմնադրամից 40 մլն գրիվեն է յուրացրել, ասել է Ելենա Գիտլյանսկայան, տեղեկացնոմ է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:
Գլխավոր դատախազության դատախազ Վլադիսլավ Կուցենկոն տեղեկացրել է, որ իրավապահներն ուսումնասիրում են «այդ հանցավոր կազմակերպության» ղեկավարության հարցը: Նա տեղեկացրել է, որ հանցավոր խմբավորման վերացման նպատակով հատուկ ծառայության շրջանակում իրականացված խուզարկություններն անցկացվում են նաեւ օրինապահ ուժերի առանձին ներկայացուցիչների տներում:
Դնեպրոպետրովսկցի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու զինակից 45-ամյա Գենադի Կորբանը առաջադրվել էր Կոլոմոյսկու նոր քաղաքական նախագծի` «Ուկրաինացի հայրենասերների միավորում` ՈՒԿՐՈՊ»-ի կողմից:





























