Մարքեթինգի հայկական ասոցիացիայի «Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի սոցիալական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն բնակչության 41 տոկոսը ավելի շուտ դրական է վերաբերվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ կարծիքները նախորդ երեք տարիների համեմատությամբ այս տարի ավելի բացասական են։

«Սպասումները, միգուցե, արագ չիրականացան, այդ առումով տրամադրությունների նվազում նկատվեց։ Հայերն ասում են՝ մտանք, իսկ ու՞ր է դրական արդյունքը, նրանք ամեն ինչ միանգամից են ուզում։ Եթե կառավարությունը ցույց տա դրական արգասիքները, մյուս տարի կարծիքի փոփոխություն գուցե լինի»,-նշեց Նավասարդյանը։

Մՙարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ հարցվածներ 15 տոկոսն է միանշանակ դրական արտահայտվել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցում, 29 տոկոսն՝ անտարբեր, 8 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 2 տոկոսը՝ միանշանակ բացասական, 5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Միասնական արժույթ ունենալու վերաբերյալ հարցվածներից 55 տոկոսը կողմ,  իսկ 35 տոկոսը դեմ է արտահայտվել։

Ամփոփելով 2015թ. մայիսի սոցհարցումների արդյունքները՝ Նավասարդյանը նշեց, որ հարցվածների 47.1 տոկոսը վստահում է եւ կգնի հայրենական արտադրության ապրանքներ, 35 տոկոսը՝ ռուսական, 24.7 տոկոսը՝ գերմանական, 8.1 տոկոսը՝ չինական եւ միայն 6.9 տոկոսը՝ թուրքական:

Ըստ Նավասարդյանի հայերը ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ են, այլ՝ պրագմատիկ։

«Մեր քաղաքացիները հստակ գիտեն, որտեղից ինչ վերցնեն, մեր դատողությունները ռացիոնալ տիրույթում են։ Ռազմաքաղաքական առումով վեկտորը միանշանակ դեպի Ռուսաստանն է, կրթության, տեխնոլոգիաների եւ մշակույթի առումով՝ դեպի Եվրոպա»

Նշենք, որ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։ Հարցմանը մասնակցել է 1105 մարդ: