Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պաշտոնապես թույլ է տվել Ռուսաստանի կառավարական հանձնաժողովին մասնակցել «Կոլագիմավիա» ընկերության A321 օդանավի աղետի պատճառների հետաքննությանը, որը կործանվել է Սինայի թերակղզում:
Դատախազությունը հանձնարարել է առգրավել օդանավի բոլոր բեկորները: Բացի այդ, հարցաքննության են կանչվել դիսպետչերներն ու ցամաքային բրիգադները, որոնք պատասխանատու են օդանավի նախապատրաստության եւ երկրի օդային տարածքում նրան ուղեկցելու համար:
Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ գործողությունները կիրականացվեն ռուսական կողմի հետ համատեղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Airbus-321 օդանավը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ: Թռիչքից 23 րոպե հետո կապն օդանավի հետ կտրվել է եւ այն անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորն էլ մահացել են:




























