Քննչական կոմիտեի՝  Բաղրամյան պողոտայի ակտիվիստների դեմ վերաբացված քրեական գործի կարճումը կապված է ԱՄՆ դեսպանատան՝ Հայաստանի կառավարությունից ցուցարարների դեմ վերաբացված քրեական գործի վերաբերյալ տեղեկություն  խնդրելու հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ նշելով, որ ի սկզբանե գործը շինծու էր եւ ցանկացած միջազգային կառույց եթե պահանջեր այս գործի հիմքերը, նույն գործընթացն տեղի կունենար:

«Քաղաքացիները խաղաղ երթ էին անում եւ որեւէ մեկը որեւէ խուլիգանություն չէր արել: Այս գործի վերաբացումը միտում ուներ վախեցնելու քաղաքացիներին»,- ասաց նա:

Բաղրամյան պողոտայում հունիսի վերջի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը սեպտեմբերի 19-ին վերաբացվել էր։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Քննչական կոմիտեն կարճել է Բաղրամյան պողոտայի ակտիվիստների դեմ վերաբացված քրեական գործը:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: