«Ազատություն» կուսակցությունը մարզեր է այցելել եւ կոչ է արել դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
Կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ում գրել է. «Հոկտեմբերի 28-ին Ազատություն կուսակցության վարչությունը որոշում կայացրեց «Ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին եւ կոչ անել հանրությանը դեկտեմբերի 6-ին ներկայանալ ընտրատեղամասեր ու դեմ քվեարկել։ Այդ օրն վարչության անդամների հանձնարարվեց այցելել մարզեր եւ մարդկանց բացատրել իրավիճակը։
Կատարելով վարչության որոշումը՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին այցելեցինք Տավուշի մարզի 5 բնակավայրեր։ Մարդիկ հիմնականում տեղյակ չէին Սահմանադրության նախագծի դետալներից։ Նրանց առայժմ ոչ մի նախագիծ չի բաժանվել։
Իհարկե, ընդհանուր առմամբ հստակ պատկերացում ունեին, թե ինչի մասին է խոսքը։ Հարյուրավոր կարծիքներից եւ ոչ մեկը այո չէր։ Կամ դեմ էին, կամ էլ ասում էին դեռ որոշում չունեն»։





























