Ահաբեկչությունների դեմ պետք է պայքարի ամբողջ աշխարհը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով նախօրեին ուշ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին:

«Համաշխարհային ողբերգություն է, որի դեմ ամբողջ աշխարհը պետք է պայքարի: Ցավում եմ բոլորի համար: Միջազգային հանրության համախմբման համար սա առիթ է համախմբվելու եւ միասնական պայքարի համար: Կարծում եմ՝ ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է բարձրացվի ամենաբարձր մակարդակի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ահաբեկչությունների դեմ պայքարում, ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, հաջողության կարելի է հասնել միասնական պայքարի դեպքում:

«Ցավակցում եմ, կիսում եմ իրենց վիշտը: Կարծում եմ՝ միասնական պայքարն արդյունավետ է: Հետեւաբար, պետք է միասնաբար պայքարել»,- ասաց Փոստանջյանը:

ԲՀԿ նախագահ, համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ահաբեկչություններն աշխարհում առավել վայրագ ձեռագիր են ստանում:

«Մենք քիչ առաջ Ֆրանսիայի դեսպանատան առջեւ ծաղիկներ ենք խոնարհել եւ մոմեր վառել՝ մեր հարգանքի տուրքը մատուցելով Ֆրանսիայի պատմության մեջ աննախադեպ ահաբեկչության հետեւանքով զոհվածներին: Կարծում եմ՝ ահաբեկչության դեմ պայքարում պետք է միավորվենք բոլորս՝ պայքարելու այդ համաշխարհային աղետի դեմ, որը գնլաով առավոլ վայրագ ձեռագիր է ստանում»,- նշեց ԲՀԿ նախագահը:

Նշենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները դատապարտել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը« ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել: