Ոստիկանությունը շարունակում է որոնել նոյեմբերի 13-ին փարիզյան ահաբեկչություններից հետո կորած 17-ամյա Լոլա Ուզունյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը:

«Լոլա Ուզունյանը «Բատակլան» թատրոնում էր ահաբեկչության ժամանակ: Դրանից հետո նա անհետացել է: Արդեն 3 օր է՝ նրան որոնում են: Որեւէ տեղեկատվություն այս պահին չկա»,- ասաց Մուրադ Փափազյանը:

Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լոլան հոր հետ է եղել «Բատակլանում»:

«Գրոհի ժամանակ իրար կորցրել են, հայրը փրկված է, իսկ աղջկան դեռ որոնում են»,- ասաց Հիլդա Չոբոյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից վերջին տվյալներով զոհվել է 132 մարդ։