Ես դրական չեմ վերաբերում այն երեւույթին, երբ հնարավորություն է տրվում Հայաստանում ոչ մասնագիտական լսարանին ներկայացնել թուրքական պաշտոնական տեսակետը, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով մեր երկրում գտնվող թուրք փորձագետ Բեհլուլ Օզքանի՝ հայ լրագրողների համար դասախոսություններ կարդալու նախաձեռնության մասին։
Նրա խոսքով, ինքը դեմ է նման ակցիային։ «Թուրք փորձագետի այն հայտարարությունները, թե հայ-թուրքական գործընթացն առաջընթաց կապրի միայն Ղարաբաղից հայկական զինուժի դուրսբերման պարագայում, ինչպես նաեւ «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը մեկ անգամ եւս կրկնում է Թուրքիայի պաշտոնական տեսակետը, ինչն էլ մեր երկրի լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանվեց եւ տարածվեց։ Եթե դասախոսությունների շարքը նախաձեռնած խումբը դա անում է ազնիվ մղումներով, ապա լավ կանի հրավիրի ոչ թե նյութին քիչ ծանոթ լրագրողների, այլ կլոր սեղանի ձեւաչափով հարցը քննարկի փորձագետների հետ»,- նկատեց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանի ԱԳՆ-ն, այս կամ այն մարդուն մեր երկիր հրավիրելուց առաջ, պետք է իմանա՝ ո՞վ է նա եւ ի՞նչ գաղափարախոսության կրող է հանդիսանում։ «Եթե ասածս տեղավորվում է «գրաքննություն» երեւույթի մեջ, ապա թող լինի այդպես»։
Նշենք, որ օրերս Հայաստան էր ժամանել թուրք քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը, ով նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ղարաբաղից դուրս բերի իր զինուժը։




























