Հայաստանը չունի արտաքին գործերի նախարարություն, այլ ընդամենը արտաքին հարաբերությունների ծառայություն: Այս մասին սեպտեմբերի 6-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ Հայաստանը մինչ այսօր չի մշակել արտաքին քաղաքականություն եւ չունի համապատասխան հայեցակարգ: «Ես հարց եմ տվել Հայաստանի ԱԳ նախարարին, ինքն ասել է, որ մենք նոր ենք մշակել»,-ասաց Ալավերդյանը: «Մենք մեր անկախության 20-ամյակն ենք նշելու, սակայն չունենք այդ հայեցակարգը»,-նշեց Ալավերդյանը: Նրա կարիծքով՝ հենց այդ հայեցակարգի եւ նախաձեռնողական քաղաքականության բացակայության պատճառով էլ Հայաստանի դեմ ներկայացվում են մեկը մյուսից վտանգավոր բանաձեւեր եւ կայացվում գործարքներ:

 Նրա հետ բանավեճի եկած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշեց, թե Հայաստանը թեեւ չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ, սակայն ունի համապատասխան ռազմավարություն: Նա նաեւ չհամաձայնեց, որ  Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն չի ցուցաբերում եւ որպես օրինակ բերեց հայ-թուրքական գործընթացը: «Հայաստանն անընդհատ հանդես  է գալիս նոր նախաձեռնություններով: Բա ո՞վ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների սկիզբ դնելը: Այսօր արդեն մեր նախաձեռնողականությունը մի քիչ դադաղ է ընթանում, եւ չնայած դրան, ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի դեմ ադրբեջանահայ փախստականները դիմում են միջազգային կառույցներին»: Լարիսա Ալավերդյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ անհատ քաղաքացիների կամ կազմակերպությունների ներկայացրած նախաձեռնությունները չպետք է վերագրել պետությանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ապա այն, ըստ «Ժառանգության» քարտուղարի, ուղղված է Հայաստանի պետական անվտանգության հայեցակարգի դեմ: Դրա վկայությունը  հայ-թուրքական արձանագրություններում առկա դրույթն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի պետական սահմանների ճանաչման մասին: