Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը Սկոպիեյում հանդիպեց մակեդոնացիների հետ եւ առաջինը հասավ հաջողության: Սակայն ընդամենը երկու րոպե մեր ֆուտբոլիստները եղան հաղթողի դերում:

41-րդ րոպեին սուր անկյունից գերազանց գոլի հեղինակ դարձավ ազգային թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը` բացելով իր գոլերի հաշիվը Հայաստանի հավաքականի կազմում: Սակայն արդեն հաջորդ գրոհում դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը: 43-րդ րոպեին Մարիո Ջուրովսկին ընթացքից հարվածով գրավեց Բերեզովսկու դարպասը: Երկրորդ խաղակեսում առավելություն ունեին մակեդոնացիները, սակայն մեր թիմը կարողացավ ոչ միայն դիմակայել, այլեւ դարձյալ առաջ անցնել հաշվի մեջ:

Վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Էդգար Մանուչարյանը մենմենակ դուրս եկավ մակեդոնացիների դարպասապահի դեմ եւ իր հնարավորությունը բաց չթողեց` 2:1: Թվում էր` մեր թիմը ավելացրած չորս րոպեում հաղթանակը բաց չի թողնի, բայց տուգանային հրապարակում ձեռքով խաղաց մեր պաշտպանը, եւ Իլչո Նաումովսկին, դիպուկ իրացնելով 11 մետրանոցը, փրկեց Մակեդոնիային պարտությունից` 2:2: