Այսօր` սեպտեմբերի 11-ին Հայաստանում գրանցվել է Գինեսի ռեկորդ` նրա իրավաբանական ներկայացուցչի մասնակցությամբ: «Գրանդ Քենդի» ընկերությունն իր գործունեության 10-ամյակի առթիվ արտադրել է շոկոլադե սալիկ 4 տոննա 410 կգ քաշով: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ է, երկարությունը` 5600 մմ, հաստությունը` 2750 մմ. Շոկոլադե սալիկն պատրաստվել է 4 օրվա ընթացքում` Աֆրիկայից բերված բնական կակաոյից: Այդ մասին հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց «Գրանդ Քենդի» ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը:
Նա նաև նշեց, որ վերջին 20 տարում Հայաստանում դա առաջին անգամ գրանցված Գինեսի ռեկորդն է արդյունաբերության ոլորտում: Գինեսի առաջադրած պայմանների համաձայն, շոկոլադե սալիկի 70 տոկոսը բաղկացած է բնական հումքից` 500 կգ կակաո եւ 300 կգ շաքարի փոշի: Հսկայական շոկոլադե սալիկը կպահպանվի հատուկ 16-20 ջերմաստիճանի պայմաններում: Հոկտեմբերի 16-ին, Հանրապետության հրապարակում, ընկերության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այն կբաժանվի բոլոր ցանկացողներին:
Կ. Վարդանյանի խոսքերով` այդ շոկոլադե սալիկը մեկ միջին սպառողը կկարողանա ուտել 450 տարվա ընթացքում:
Միջոցառմանը ներկա Գինեսի գրասենյակի ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը նշեց, որ դա իր հավաստագրած ամենազարմանալի ռեկորդն է: «Շնորհավորում եմ Հայաստանին եւ «Գրանդ Քենդի» ընկերությանը այս մեծ ձեռքբերման առիթով»,- նշեց Էլիզաբեթ Սմիթը, հանձնելով հավաստագիրը:
Նշենք, որ Գինեսի ռեկորդի գրքում գրանցված ամենամեծ շոկոլադե սալիկն արտադրվել է 2007թ. Իտալիայում: Այդ ժամանակ Իտալիայի հրուշակագործները պատրաստել են 3 տոննա 580 կգ քաշով շոկոլադե սալիկ:































