Անցած տարվա հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով կասկածյալ բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր՝ հունվարի 26-ին, մեղադրանք առաջադրվեց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 23-ին ապօրինի էր համարել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել նրան: Դրանից հետո բժշկուհուն հիվանդանոց էին տեղափոխել: Մերի Մարգարյանի հարազատները, սակայն, համոզված են, որ այս ամենը բեմադրություն էր, իսկ Շուշանիկ Բախշյանն էլ առողջական խնդիր չուներ հոսպիտալացվելու համար:

Շուշանիկ Բախշյանի փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը շարունակում են պնդել, որ իրենց պաշտպանյալի ձերբակալությունն ապօրինի էր, ավելին նրա մեղավորությունը որեւէ կերպ ապացուցված չէր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն 2015թ. հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։