Եվրամիության հիմնական ճգնաժամը անդամ երկրների շրջանում համերաշխության անհետացումն է: Նման տեսակետ է արտահայտել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Յուրաքանչյուր հաջորդ գագաթնաժողովում ավելի նկատելի է դառնում, որ մենք կորցնում ենք այն գիտակցումը, որ մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք: Եվ փախստականների ճգնաժամը համերաշխության նվազման լավ օրինակ է: Դրա համար էլ ԵՄ մեծ ճգնաժամի պատճառը համերաշխությունից հրաժարվելն է »,- ասել է նա:
Նրա խոսքով միայն ապավինելով համերաշխության սկզբունքին ԵՄ կարող է հաղթահարել հիմնական խնդիրները, որոնց բախվում է: «ԵՄ առաջնորդները՝ բոլոր 28 պետությունների ու կառավարությունների ղեկավարները, որոնք մեկ սեղանի շուրջ կհավաքվեն հաջորդ հինգշաբթի ու ուրբաթ օրերին (ԵՄ գագաթնաժողովին) կորոշեն, թե որքանով է ուժեղ Եվրամիությունը»- շեշտեց նա:
Շուլցը նշել է, որ ԵՄ-ում նկատվում է եվրոպական կառույցների նկատմամբ բնակչության վստահության կորուստ:
«Մենք Եվրոպայում զգում ենք բնակչության վստահության կորուստ ԵՄ ու եվրոպական կառույցների նկատմամբ»,- նշել է նա: Միաժամանակ Շուլցը նկատել է, որ խնդրի «ազգային լուծումը՝ լուծում չէ»:





























