Սիրիայի պատերազմի ավարտը դեռ հեռու է, բայց արդեն կարելի է խոսել այն մասին, թե ովքեր են հավանական հաղթողներն ու պարտվողները, գրում է Independent-ը:

Պարբերականի կարծիքով, Ռուսաստանն առաջատար դեր է կատարում սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Ու եթե մի քանի ամիս առաջ քննադատները հայտարարում էին, որ Մոսկվան կզղջա պատերազմում ներքաշվելու իր որոշման մասին, ապա հիմա արդեն ոչ ոք չի կասկածում, որ հենց Ռուսաստանից է կախված, թե ինչպիսին կլինի պատերազմի ավարտը:

Նշում են, որ «Ռուսաստանի որպես մեծ ուժի» վերածնունդը ակնհայտ դարձավ Մյունխենի համաժողովի ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտատարեցին Սիրիայում հրադադարի մասին: Չնայած որոշ լրատվամիջոցների ու դիվանագետների քննադատություններին՝ հրադադարի վերաբերյալ կասկածները, ամենայն հավանականությամբ չափազանցված են, գրում է թերթը, հայտնում է Gazeta-ն:

The Independent –ը կարծում է, որ ռուս զինվորականների ու շիա ուժերի օգնությամբ Բաշար Ասադը չի պարտվի այս պատերազմում: Բացի դրանից, ակնհայտ է, որ Ասադի ու Ռուսաստանի ուժերը վերջերս զգալի հաջողությունների են հասել՝ ահաբեկիչների դեմ պայքարում:

Սակայն ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները չեն համակերպվի իրենց պարտությանը, գրում է թերթը: Եվ այսպես՝ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ռազմական գործողություն սկսելը: Բայց նրանց հաջողության հետ մեծ հույսեր կապել պետք չէ . ո՛չ Անկարան, ո՛չ էլ Էր Ռիյադը այլեւս նախկին ազդեցությունը չունեն Սիրիայի վրա: