Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել ռուսական բեռնատարների տարանցումը դադարեցնելու մասին:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի դաշնությունը՝ խախտելով ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմանի միջկառավարական համաձայնագիրն ու ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններն ու ընթացակարգերը, դադարեցրել է ուկրաինական բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ռուսաստանի տարածքում: Մինչեւ ռուսական կողմից բացատրություններ ստանալն ու այս հարցի լուծումը Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաների տարանցիկ փոխադրումները Ուկրաինայի տարածքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ Ռուսաստանից պահանջում է անհապաղ կատարել ԱՀԿ բոլոր պահանջները, վերսկսել ուկրաինական ավտոտրանսպորտային միջոցների տարանցիկ երթեւեկությունը:
Նրա խոսքով, ուկրաինական կողմը խորհրդակցություններ է անցկացնում ԵՄ անդամ երկրների հետ ու դիմել է նրանց՝ Ռուսաստանի կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքները խախտելու հարցով:




























