Սիրիայում հրադադարի հաստատումը շատ առումներով կախված է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական շփումների հաստատումից, դրա համար հողն արդեն նախապատրաստված է: Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Հրադադարի հաստատման հարցը ներկայումս ավելի բարդ է, քան մարդասիրական խնդիրները: Մենք ելնում ենք նրանից, որ դրա համար մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից Ռուսաստանի միջեւ ռազմական շփումներ կհաստատվեն: Մյունխենում մեր վարած բանակցությունների ընթացքում դա դեռեւս բարդ թեմա էր, բայց կարծում եմ, որ շատ բան դրա համար նախապատրաստվել է», — ասել է Շթայնմայերը: 

«Ես ուրախ եմ, որ  ի շարունակություն Մյունխենի բանակցություններին՝ տեղի է ունեցել նախագահներ Պուտինի եւ Օբամայի հեռախոսազրույցը: Դա անհրաժեշտ է, որպեսզի հավաքվի խճանկարը եւ գուցե հաստատվի հրադադարի ռեժիմը, չնայած մենք դեռ շատ պիտի աշխատենք», — հավելել է նախարարը: