Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայ Արամայիս Ավագյանը եւ նույն գործով մյուս 4 ամբաստանյալները բանտում հրապարակված դատավճռով դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման: Այդ մասին Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին այսօր տեղեկացրել է որդու փաստաբանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սաքունցի խոսքով, փաստաբանը «խնդրել է սպասել 2-3 օր»: Ըստ պաշտպանի՝ Դիզակի շրջանի դատարանի նիստերի քարտուղարը փոխանցել է, թե դեռ պատրաստ չէ դատավճռի կրկնօրինակը:
Արամայիս Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ երկու անչափահաս երեխայի հայր Արամայիսի հարազատները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել են իր եւ Ուզբեկստանի Դիզակի շրջանի վարչական ղեկավարի միջեւ առկա հակասությունների պատճառով:
Ըստ Արամայիսի մոր պնդումների, Դիզակի վարչական շրջանի ղեկավարը փորձել է խլել որդու ձկնաբուծարանը, սակայն դիմակայությունից հետո Արամայիսին առեւանգել են, բռնություններ գործադրել, ոտքը կոտրել, ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը նրան ներկայացրել է ծանրագույն մեղադրանքներ:
Ի դեպ, իրավապահ առաքելություն ունեցող մարմիններն իբրեւ Արամայիսի՝ ծայրահեղականության մեջ ընդգրկված լինելու «վառ ապացույց» վկայակոչում են ձերբակալվելու պահին պապի եւ կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ ըստ հայկական ավանդույթի մորուք պահելու հանգամանքը: Կա Արամայիսի գերդաստանի տղամարդկանց լուսանկարը՝ արված նրա կրտսեր եղբոր քառասունքին:
Արամայիսի մոր՝ 36 տարի առաջ Հայաստանից հեռացած Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, Դիզակում ձկնաբուծարանի տարածքի պահակը իր ցուցմունքում նշել է, որ Դիզակի վարչական շրջանի ղեկավարի (նրանց Ուզբեկստանում խակիմ են կոչում) կողմից եկել են, ասել, որ էդտեղ քանդեք, ուրիշ ձեւ սիրուն սարքեք, որ մարդիկ գան հանգստանան: Հետո նրա մարդիկ հետապնդել են Արամայիսին, սպառնացել են ծեծել:




























