Փետրվարի 15-ին Թուրքիայի ռազմական ավիացիան ավելի քան 20 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում էլ «վիրտուալ օդային մարտեր» են ընթացել: Այս մասին հայտնել է Հունաստանի գլխավոր շտաբը:
Ըստ հաղորդագրության՝ մեկ օրվա ընթացքում թուրքական օդանավերը երկու անգամ խախտել են թռիչքների կանոնները՝ Աթենքի թռիչքային տեղեկությունների գոտում ու 22 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք: Մասնավորապես խախտումներ են եղել Խիոս ու Սամոս կղզիների, նաեւ Լեմնոս ու Լեսբոս կղզիների միջեւ ընկած օդային տարածքում:
Բոլոր դեպքերում էլ օդ են բարձրացել հունական կործանիչները , երկու դեպքում դրանք օդային վիրտուալ մարտեր են մղել թուրքական օդանավերի դեմ:
Բացի դրանից հունական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի ու Հունաստանի միջեւ նոր հակամարտության մասին, ինչը պայմանավորված է փետրվարի 7-ին ու 8-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիփրասի Իրան կատարած այցով: Նրա օդանավը ստիպված է եղել փոխել երթուղին թուրքական կողմի գործողությունների պատճառով:
Փետրվարի 6-ին Աթենքը ներկայացրել էր թռիչքի ծրագիր, ըստ որի վարչապետի օդանավը պետք է դուրս գար հունական Էլեվիս ավիաբազայից, վայրէջք կատարեր Ռոդոսում՝ վառելիք լցնելու համար, իսկ հետո Թուրքիայի ու Սիրիայի վրայով թռչեր Իրան:
Թուրքերը հայտարարել էին, որ վարչապետը ռազմական օդանավ է օգտագործում, դրա համար էլ չի կարող թռչել Ռոդոս, որը Թուրքիան ապառազմական գոտի է համարում: Հույն դիվանագետները վարչապետին առաջարկել են թռիչքի այնպիսի պլան, որը չներառեր Թուրքիան, հակառակ դեպքում դա կնշանակեր ընդունել, որ Ռոդոսը ապառազմական տարածք է: Դրա համար էլ թռիչքը անցել է Կիպրոսի հարավով , Եգիպտոսի, Հորդանանի ու Սաուդյան Արաբիայի վրայով, իսկ վայրէջքը՝ Իսֆախանում էր: Սաուդյան Արաբիայի ու Իրանի լարված հարաբերությունների պատճառով Սաուդյան Արաբիայի թագավորն անձամբ էր թույլատվություն տվել թռիչքի համար, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:




























