Բուրունդիի արեւմուտքում զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել, որում առնվազն 30 մարմին կա:
Երկրի զինված ուժերի ներկայացուցիչներն այն հայտնաբերել են մայրաքաղաք Բուժումբուրայից ոչ հեռու, Մուտակուրա բնակավայրում:
Ոստիկանության տվյալներով, դրանք, ենթադրաբար, խաղաղ բնակիչների մարմիններ են, որոնք երրորդ ժամկետով առաջադրվելու հարցում աջակցություն են հայտնել երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզային:
2015 թվականի մայիսի սկզբին, բռնություններով ուղեկցված մի քանի շաբաթ տեւած բողոքի ցույցերից հետո, Բուրունդիում պետական հեղաշրջման փորձ կատարվեց: Ըստ ՌԻԱ Նովոստիի, պատճառը նախագահ Պիեռ Նկուրունզիզայի՝ երրորդ ժամկետով առաջադրվելու մասին որոշումն էր: Իրավիճակի սրացման ֆոնին Աֆրիկյան միության երկրները սատարեցին Բուրունդի խաղաղարարների ուղարկելու գաղափարը:





























